Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արմավիրի մարզ | Թոնդրակ

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Պատրաստել տեսանյութ Արմավիր մարզի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *